Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Hareyan & Co» բիզնես-պլանն ընդեմ Հայ Առաքելական Եկեղեցու

«Hareyan & Co» բիզնես-պլանն ընդեմ Հայ Առաքելական Եկեղեցու
22.08.2025 | 18:02

Աստվածաբանության հետ կապ չունեցողը Հայ Առաքելական Եկեղեցու Վարդապետին «խելք» է սովորեցնում

«Իրատես» - ի օգոստոսի 21–ի «Մեղայական խոսք՝ համարյա սուրբ Վարդապետին» հրապարակման մեջ հեղինակ Աշոտ Ռազմիկի Հունանյանը առանձնահատուկ մոլեռանդությամբ փորձել է ծաղրել Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց վանքի վանահայր Ղևոնդ Ծայրագույն Վարդապետ Հովհաննիսյանին։

Ծաղրական իր խոսքը Հունանյանը կառուցել է Վարդապետ Ղևոնդի Յութուբյան էջի «ԽՕՍՔ ԱՊԱՇԽԱՐՈՒԹԻՒՆ ՔԱՐՈԶՈՂՆԵՐԻՆ» տեսանյութի հիման վրա, որտեղ աստվածաբանության դոկտոր, Ծայրագույն Վարդապետ Ղևոնդը զգուշացնում է բլոգեր Արմեն Հարեյանի՝ տարատեսակ հոգևոր զրույց-քարոզների վտանգավորության մասին։ Վարդապետը հատկապես նշում է, որ Հարեյանը տևական ժամանակ պախարակում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներին և, համազգային ապաշխարության կոչեր անելով, փորձում է համոզել բոլորին, թե Աստվածը պատժիչ էլեմենտ է, այլ ոչ թե՝ սիրո։

Վարդապետի այդ տեսանյութը Աշոտ Հունանյանին (Հունանյանի մասին որևիցե հանգամանալից տեղեկություն համացացնում չկա, ըստ որի կարող էինք իմանալ ո՞վ է մասնագիտությամբ, ի՞նչ կապ ունի «Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը «Սրբազան պայքարի» շարժման հետ, կամ ունի՞ արդյոք ) ջղայնացրել է, ինչից հետո նա որոշել է գրել թղթակցություն, որտեղ սկզբից մինչև վերջ ինքն իրեն հակասում է և ներկայացնում Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ բացարձակ փորահանուցք, ըստ որի ստացվում է՝ ՀԱԵ-ի հոգևորականները չգիտեն Ավետարանը, չգիտեն եկեղեցական կարգերը։ Ավելին, նա, հեգնելով Հայր Ղևոնդին, Հայ Առաքելական Եկեղեցին անվանում է եսակենտրոն մի կառույց, որտեղ աստվածաբանությունը զիջում է աշխարհիկությանը։ Բայց սրանով Հունանյանը չի բավարավում և ակնհայտ հերյուրածո է գրում նաև Վարդապետ Ղևոնդի մասին, թե նա, իբր, նիկոլական է, կամ՝ ՔՊ-ական։ Իրականում Վարդապետը քանիցս զգուշացրել է «Թավշյա հեղափոխականների» աղանդավորական կապի և Արցախին սպասվող աղետալի վտանգի մասին։

Որպես երեք տասնյակից ավելի տարիներ կրոնական լուրերի գործակալությունում աշխատանքի փորձ ունեցող լրագրող, իմ շատ սիրելի ու հարգելի «Իրատեսի» ընթերցողներին մի քանի փաստեր բերեմ, որ Աշոտ Հունանյանը իր հրապարակումով ստիպեց բացահայտել։ Այսինքն՝ շատ բան մենք լրագրողներս ևս չգիտեինք. չգիտեինք ի՞նչ պատճառներ ունեն «քրիստոնեական» քարոզ-շարժումների մեջ ներգրավված Արմեն Հարեյանն ու իր հետ համագործակցողները, և, ի՞նչ հետևանք դա կունենա Հայ Եկեղեցու դեմ աշխատողների «գործին» նպաստելու առումով։ Պարզ է մի բան, որ նրանք բոլոր հարթակները օգտագործում են ինքնագովազդի համար և հենց այդ նպատակով է նաև «Իրատեսում» հրապարակվել տվյալ նյութը․ որ կարդան, պախարակեն Հայ Եկեղեցու ևս մի բարձրաստիճան հոգևորականի։ Շատ լավ գիտակցելով PR-ի նման տեսակը, հնարավոր էր չարձագանքել և թողնել անպատասխան տվյալ անհեթեթ նյութը, սակայն տվյալ դեպքում ստացվում է, որ մեզ լրագրողներիս օգտագործել են և փորձելու են ևս մեկ, կամ ավելի անգամներ օգտագործել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող ինչ-որ կասկածելի գործընթացներում։

Եվ այսպես ու նախ և առաջ, մենք պարզեցինք, որ Արմեն Հարեյանը, ավարտելով Երևանի Կոնսերվատորիան, մեկնել է ԱՄՆ, որտեղ ապրում է մինչ օրս։ Նրա կինն աշխատում է կաթոլիկ եկեղեցու ուսումնական հիմնարկում, իսկ ԱՄՆ – ում նա սովորել է Lenoir–Rhyne University մասնավոր Ավետարանական Լյութերական Եկեղեցու համալսարանում, ուսումնասիրել աստվածաբանություն։ Իր ուսման, ԱՄՆ մեկնելու, նաև՝ Արցախում բիզնես ծավալելու մասին Արմեն Հարեյանը պատմել է 2013 թվականի օգոստոսի 13-ին, «Այսօր» լրատվականին տված հարցազրույցում։ Պարզվում է՝ 2004 թվականին Հարեյանը ստեղծել է Hareyan Publishing Corporation-ը, որը «սկզբում բլոգ էր, որտեղ առողջապահական հոդվածներ էին հրապարակվում, հետո թիմը մեծացավ ու EmaxHealth.com-ը դարձավ ճանաչված ու առաջատար կայք առողջապահության լուսաբանման ոլորտում, այնուհետև ստեղծվեց TorqueNews.com-ը, որը մինչ օրս լուսաբանում է համաշխարհային մեքենաշինության բնագավառը»: «Այսօրին» տված հարցազրույցում նա նշում է, որ 2013 թվականին մեկնել է Արցախ, հանդիպել Ստեփանակերտում այն ժամանակ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ և իր բիզնես պլանը ներկայացրել, ըստ որի՝ Արցախում առաջարկում էր ստեղծել մարդկանց տվյալների հավաքման էլեկտրոնային բազա։ Այլ հարց է, թե դա իրեն ի՞նչ էր տալիս, նպատակը ո՞րն էր՝ հաշվի առնելով Արցախի կարգավիճակը։

Իսկ վերջին տարիներին Հարեյանը ակտիվ «քրիստոնեական քարոզիչ» է դարձել և, իր ստացած լյութերանական ուսմունքին համաձայն, հերքելով եկեղեցականությունը, բողոքական եկեղեցուն համահունչ կոչեր է անում․ կարեկցել Թուրքիային, Արցախի կորուստը ընդունել որպես սեփական մեղք և, ընդհանրապես, աշխարհի բոլոր մեղքերն ամեն մարդ իր վրա պետք է վերցնի ու ապաշխարի։ Բայց Հարեյանի և նրա ջատագովների, ինչպես որ ներկայանում է Աշոտ Հունանյանը, հիմնական քարոզն այն է, որ նսեմացնեն Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներին, նրանց անգործության մեջ մեղադրելով, ինչի մասին բացահայտ խոսում են բոլոր հարթակներում։ Ի դեպ, հենց Հունանյանը 2023 թվականի մայիսի 26 – ին «Երևան Թուդեյ» ին տված հարցազրույցում պատմում է «Սրբազան Հայաստան» նախաձեռնության մասին, որտեղ հրավիրելով հայ քրիստոնյաներին խաչերթ-ուխտագնացության, ասում է, թե ապաշխարությունը քահանային խոստովանության կարգի մեջ չէ, այլ՝ գիտակցության, որ, հեռանալով Աստծուց, ստացել ենք այսօրվա աշխարհաքաղաքական քաոսը։

Միաժամանակ, Արմեն Հարեյանը, օգտագործելով ԱՄՆ-ում ձեռք բերած բլոգերության հմտությունները, որոնք, ինչպես վերը նշեցինք, առողջապահության և մեքենաշինության ոլորտում է իրականացրել, շարունակ փորձեր է ձեռնարկում պախարակել Սուրբ Էջմիածինը՝ հայ լրագրողների սոցիալական հարթակների խմբերում կոչ անելով որոշակի հարցեր ուղղել հոգևորականներին։ Նա, մտնելով լրագրողների նեղ մասնագիտական քննարկումների հարթակ, թելադրում է հարցեր տալ, թե՝ կա՞ Հայ Եկեղեցում, բացի անձնական ապաշխարանքից, ազգային ապաշխարանքի կարգ, կամ՝ հարցնել հոգևորականից, թե ինչո՞ւ Աստված թույլ տվեց այն, ինչ կատարվում է, կամ՝ ինչպե՞ս պետք է Եկեղեցին առաջնորդի համազգային ապաշխարանքը և այլ հարցեր, որոնք աղերսվում են «Եհովայի վկաներ», ավետարանչական, բողոքական և այլ կրոնական կազմակերպությունների թեզերը։ Հարեյանին, իհարկե, լրագրողները արհամարհել են, ավելին՝ որոշ չափով դեստրուկտիվ քարոզչական մեքենայությունների մասով մերկացրել են, սակայն մինչ օրս սոցիալական ցանցերում Հարեյանն ունի մեծ թվով հետևորդներ, և այդ դիտումները մոնետիզացված են։ Ստացվում է, որ այս մարդիկ հոգևորի շղարշի տակ պարզապես գումար են աշխատում և դառնում (կամա, թե ակամա) կա՛մ քաղաքական գործընթացների էլեմենտ, կա՛մ գործիք՝ եկեղեցականության դեմ։

Որպես տեղեկանք, Հարեյանի և նրա շրջապատի ապաշխարության մասին սխալ պատկերացումները հասկանալու, տարբերելու համար, մեջբերեմ Քահանա․am ի ՀԱԵ-ում ապաշխարության խորհուրդի և կարգի վերաբերյալ հետևյալ հստակեցումները․

1.Ապաշխարության խորհուրդը սկսվում է մեղքերի գիտակցումից:
2. Մեղքը գիտակցող անձը պետք է անկեղծ զղջում ունենա և այլևս չկրկնելու վճռականություն:
3. Նա պետք է դիմի Եկեղեցու օծյալ հոգևորականներին` մեղքերը խոստովանելու մտադրությամբ:
4. Որևէ այլ անձ, բացի օծյալ հոգևորականից, իրավունք չունի որևէ մեկի խոստովանությունը լսել և մեղքերից արձակում տալ: Այդ իշխանությունն աստվածադիր օրենքով միայն նրանց է տրված:
5. Խոստովանության գնացող անձը պետք է պատրաստ լինի իր գործած մեղքերի դիմաց որոշակի նեղություն կրել:

Այ հենց այս կետերը պարզ ասում են, որ Աշոտ Ռազմիկի Հունանյանը հեգնում, ծաղրում է օծյալ հոգևորականի, ով իր քարոզներում ընդամենը բացատրել է, թե ո՞վ է աստվածաբանությունից կիլոմետրերով հեռու բլոգեր Արմեն Հարեյանը։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1520

Մեկնաբանություններ